«Սերը վերջին հարկում». սեր, դավաճանություն և անսպասելի իրավիճակներ մեկ բեմում. պրեմիերայից առաջ
«Սերը վերջին հարկում» ներկայացումը կին-տղամարդ հարաբերությունների, սիրո և դավաճանության մասին է՝ լեցուն խճճված պատմություններով, ինտրիգներով, գաղտնիքներով ու հումորով։ Բեմադրության հեղինակը Կարո Բալյանն է, դերերում՝ Հայկ Հովհաննիսյան, Ռոզի Ավետիսովա, Արեն Սաֆարյան, Սոնա Մաթևոսյան և Վաչե Երիցյան։
Tert.am Life-ը ներկա է եղել ներկայացման վերջին փորձերին ու պրեմիերայից առաջ զրուցել դերասանների հետ։

Ռոզի Ավետիսովա. «Սիտուացիոն կոմեդիա է՝ լի անակնկալներով և ծիծաղով»
«Ներկայացման հրավերը ստացել եմ պրոդյուսեր Սերգեյ Հայրապետյանից։ Սա «Մենք» հոլդինգի առաջին թատերական նախագիծն է։ Սիտուացիոն կոմեդիա է, ու չեմ ուզում նախօրոք բացել բոլոր գաղտնիքները, բայց հանդիսատեսին սպասվում են զավեշտալի իրավիճակներ և անակնկալներ։
Ես մարմնավորում եմ մի կնոջ, որը նաև սիրուհի է։ Նա հաճախ հայտնվում է ցանկալի ու ոչ ցանկալի իրավիճակներում և փորձում է դրանք հաղթահարել իր խելքով ու ճկունությամբ։ Ներկայացումը լիարժեք կոմեդիա է, ու մեր հանդիսատեսին սպասվում է միայն ծիծաղ։
Փորձերը շատ հետաքրքիր են անցել․ տարբեր բեմերում ենք աշխատել՝ սկսած փոքր սենյակներից մինչև համալսարաններ ու թատրոններ։ Բայց դա մեզ միայն օգնել է՝ նյութին նոր շունչ տալու հարցում։»

Հայկ Հովհաննիսյան. «Բեմ վերադառնալը մեծ ոգևորություն է»
«Ես առաջին անգամ չեմ բեմում, բայց երկար տարիներ չէի խաղացել՝ մոտ 15 տարի։ Վերադառնալն անսպառ ոգևորություն է։ Կարծում եմ՝ հանդիսատեսը շատ գոհ կմնա, որովհետև մենք իսկապես բարի և թեթև ներկայացում ենք պատրաստել։
Ներկայացման բոլոր կերպարները հայտնվում են տարօրինակ իրավիճակներում, ու հենց դա է այն զվարճալի մասը, որն ուժեղացնում է կատակերգական երանգը։ Փորձերը շատ էներգիա են պահանջում, որովհետև բոլորս անընդհատ բեմում ենք, շարժման մեջ։ Բայց այն էներգիան, որ տալիս ենք, կարծում եմ, նույնքան էլ հետ ենք ստանալու հանդիսատեսից։ Իսկ ով ամսի 24-ին չի գա ներկայացմանը, շատ բան է կորցնելու»:

Սոնա Մաթևոսյան. «Հենց լսեցի՝ Վաչեն, ասացի՝ ես գալիս եմ»
«Սկզբում մի փոքր կասկածում էի, որովհետև արդեն մասնակցում եմ նմանատիպ մեկ այլ ներկայացման՝ «Կին կոդ»-ին։ Մտածում էի՝ գուցե կրկնություն լինի։ Բայց երբ լսեցի, որ Վաչեն է խաղալու՝ անմիջապես համաձայնեցի։
Փորձերը բավականին դժվար են անցնում․ բոլորիս գրաֆիկները խիտ են, հաճախ գիշերներն ենք աշխատում։ Բայց թիմը շատ լավն է՝ պրոֆեսիոնալ և նվիրված։
Թեև ներկայացման թեման՝ սիրային խառնաշփոթները, կարող է ծանոթ թվալ հանդիսատեսին, բայց այս կազմով այն լրիվ նոր շունչ ունի։ Մենք երբեք միասին չենք աշխատել, ու հենց դա է այս գործի յուրահատկությունը»:

Վաչե Երիցյան. «Սա իմ մասնագիտությունն է, համոզելու կարիք չկար»
«Այս նախագիծը ներկայացնում է այն, ինչ ես սիրում եմ անել։ Երբ պրոդյուսերի հետ խոսեցինք և պատմեց ներկայացման գաղափարը, անմիջապես համաձայնվեցի։
Կերպարները շատ զուգահեռներ ունեն․ երկուսն էլ սիրեկաններ են և ամուսիններ։ Այդ զուգահեռներն են ստեղծում ներկայացման հետաքրքիր հումորը։
Իմ կերպարը վստահ է, համարձակ, բայց, երբ հայտնվում է անելանելի իրավիճակներում՝ բացահայտվում է նրա իրական էությունը։ Թատրոնն ու նկարահանման հրապարակը տարբեր աշխարհներ են, բայց ես սիրում եմ երկուսն էլ․ դրանցից յուրաքանչյուրը իր հաճույքն ունի»:

Արեն Սաֆարյան. «Բարդ, բայց հաճելի աշխատանք էր»
«Սիրով ընդունեցի մասնակցության հրավերը, որովհետև դերասանախումբը շատ ուժեղ է։ Նման կազմի հետ բեմում աշխատելը և՛ բարդ է, և՛ հաճելի։ Ամեն փորձի ընթացքում ինչ-որ բան ես սովորում, ավելացնում ես քո փորձը։
Ներկայացման մեջ ունենք շատ բարդ միզանսեններ, անընդհատ շարժում, փոխհարաբերություններ։ Բայց հենց դա է ներկայացման ամենահետաքրքիր կողմը․ իրավիճակային հումորը։
Չնայած դժվարություններին, վստահ եմ՝ արդյունքը շատ լավը կլինի։ Հանդիսատեսին սպասվում է թեթև, բարի և անկեղծ ծիծաղով լեցուն երեկո»:
















Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի











